Նոյեմբերի 1-5 առաջադրանքի

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական բռնությունների և զենքի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։ Այդ համաժողովդական պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված

1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հայ-թաթարական ընդհարումները և կենտրոնական իշխանությունների դերակատարումը

1905-ի հունվարի 9-ին Ս. Պետերբուրգի բանվորների (ավելի քան 140 հզ.) խաղաղ երթի գնդակահարությամբ («արյունոտ կիրակի») սկսվել է Ռուսաստանում առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի արձագանքները հասել են նաև Անդրկովկաս’ Թիֆլիս, Բաքու և այլուր: Հեղափոխության նպատակը ցարիզմը տապալելն էր և երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելը:

Հեղափոխությունից ահաբեկված ցարական կառավարությունը ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով կազմակերպել է ազգամիջյան ընդհարումներ: Անդրկովկասում գործուն հեղափոխական տարրի’ հայերի դեմ օգտագործել են հետամնաց, մոլեռանդ կովկասյան թաթարներին:

1905-ի մարտին Ալավերդու հանքարդյունաբերական շրջանում բռնկված ընդհանուր գործադուլին մասնակցել է շուրջ 1000 մարդ: Տնտեսական զիջումներ կորզելուց հետո միայն բանվորներն անցել են աշխատանքի: Ապրիլին Անդրկովկասյան երկաթուղում սկսված գործադուլին մասնակցել են նաև բազմաթիվ հայ բանվորներ: Հեղ. շարժումն ընդգրկել է նաև գյուղացիությանը: Հատկապես ուժեղ էր լոռեցիների ըմբոստությունը կալվածատեր Բարաթովների դեմ:

1905-ի մարտ-ապրիլին հայ ազատամիտ մտավորականությունն ու գործարար շրջանները Կովկասի փոխարքային և Ռուսաստանի Նախարարների խորհրդին ներկայացրել են 2 հանրագիր’ պահանջելով Սահմանադիր ժողովի գումարում, խոսքի և մամուլի ազատություն, 8- ժամյա աշխատանքային օր, հողի ազգայնացում, բարեգործական հիմնարկների վերաբացում ևն: Հայերի ակտիվ մասնակցությունը հեղափոխությանը ստիպել է Նիկոլայ ll-ին Կովկասի հայատյաց կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի փոխարեն Կովկասի փոխարքա նշանակել Իլարիոն Վորոնցով – Դաշկովին և 1905-ի օգոստ. 1-ին վերացնել 1903-ի հունիսի 12-ի Եկեղեց. գույքի բռնագրավման մասին օրենքը: 1905-ի աշնան- ձմռան ամիսներին հեղ. շարժումը հասել է իր բարձրակետին:

1905-ի հոկտ. 17-ին ստորագրած մանիֆեստով’ ցարն ազդարարել է «քաղաքական ազատություններ…», խոստացել դումայի (խորհրդարան) ստեղծում, խոսքի, մամուլի ազատություն ևն: Այսինքն’ Ռուսաստանը դառնում էր սահմանադր. միապետություն: Սակայն մանիֆեստից հետո էլ շարունակվել են հեղ. շարժումները: 1905-ի նոյեմբերին Ալավերդու հանքագործները կրկին գործադուլ են արել:Հեղափոխությունից ահաբեկված ցարական կառավարությունը ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով կազմակերպել է ազգամիջյան ընդհարումներ: Անդրկովկասում գործուն հեղափոխական տարրի’ հայերի դեմ օգտագործել են հետամնաց, մոլեռանդ կովկասյան թաթարներին (ներկայիս ադրբեջանցիները): 1905-ի փետրվարի 6-ին Բաքվում նահանգապետ Միխեիլ Նակաշիձեի դրդմամբ թաթարները հարձակվել են հայերի վրա, հրդեհել նրանց թաղամասերը, կողոպտել գույքն ու կահկարասին:

Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնել է դաշնակցությունը և սպառնագիր ուղարկել նահանգապետին. «Պաշտպանեցեք ժողովուրդը, Եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորել ու կողոպտել է հայերին: Նախահարձակ թաթարներին  ոգևորել են նաև թուրք, ծպտյալ գործակալները:

Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպել են ինքնապաշտպան, խմբեր:

Քառօրյա արյունալի ընդհարումից հետո խաղաղություն է հաստատվել, սակայն ցար. գործակալների ջանքերով բախումները տեղափոխվել են նաև Անդրկովկասի այլ քաղաքներ: 1905-ի օգոստոսին կռիվները վերսկսվել են Բաքվում. սպանվել է շուրջ 400 մարդ: Հրդեհվել են հայերին պատկանող նավթահորերը (վնասը’ շուրջ 25 մլն ռ.): Նոյեմբ. 20-ին Բաքվում ծավալվել է հայ-թաթար. ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ են տեղի ունեցել նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: 1905-ի մայիսի 12-15- ին զինված հրոսակները կողոպտել ու կոտորել են հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս են մնացել միայն 4-ը: Հայկական տասնյակ գյուղեր ավերվել ու հրդեհվել են, շուրջ 400 հայ սպանվել ու վիրավորվել է: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցել է Շարուր-Դւսրալագյազի գավառ, Զանգեզուր և Արցախ: Կատաղի կռիվներ են տեղի ունեցել Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգում և հայ ու թաթար խառը բնակչությամբ մյուս վայրերում:

Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվել են բազմաթիվ հին ու նոր խմբապետներ’ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաջին և ուր.:

Երևանում 1905-ի մայիսի 23-25-ին տեղի են ունեցել բախումներ: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի կորուստներ տալով, այլևս չեն համարձակվել նոր հարձակումներ ձեռնարկել:Արցախի կենտրոնում’ Շուշիում, Ասկերանում, Վարանդայում ջարդեր են տեղի ունեցել: Այստեղ թաթար հրոսակապետներից աչքի է ընկել հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվել են 1905-ի օգոստոսի 7-ին և տևել մի քանի շաբաթ, որոնք կրկնվել Են նաև 1906-ի հունիսին : Թիֆլիսում բախումները տեղի են ունեցել 1905-ի նոյեմբ-ին: Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (ևոյեմբերի. 22-25-ը) հակահարված են տվել թաթար խուժանին և ապահովել Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը:

Թեև 1906-ին որոշ վայրերում բախումները կրկնվել են, սակայն այլևս զանգվածային բնույթ չեն կրել և ավարտվել են սեպտեմբերին:

Հեղափոխության շրջանում եռանդուն գործունեություն են ծավալել քաղաքական կուսակցույունները’ դաշնակցությունը, հնչակյանները, սոցիալ-դեմոկրատները:

1907-ի հունիսի 3-ին Նիկոլայ ll-ը ցրել է անհնազանդ Պետական դուման, այսինքն’ կատարել է պետական հեղաշրջում, որով էլ ավարտվել է ռուսաստանյան առաջին հեղափոխությունը:

Հայաստանում՝ 
Մշո Առաքելոց վանքի կռիվը և հայ ֆիդայիները  գեղարվեստական գրականությունում և ժողովրդական բանահյուսությունում (Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչը, երգեր ֆիդայիների մասին),

Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Առաքելոց վանքի կռիվը

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Սասունի 1904թ․ ապստամբությունը, զուգահեռներ նախորդ ապստամբությունների հետ Զեյթուն-1862, 1896, Վան-1895-96, 
1908թ․ Օսմանյան հեղափոխության արձագանքները Արևմտյան Հայաստանում։

1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։

Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան-Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։ Այսպիսով՝ եթե ընդարձակվեր ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլիներ իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութունը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»։

Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի։ 1904 թվականի հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով (տոհմացեղով) և 15 ոստիկաններով ներխուժել է Հեղին, Արտկունք, Ընկուզակ և Իշխնձոր գյուղերը։ Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշը, Գոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ)։ Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտական ուժերի հաղթանակով[3]։

Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, Իրեցանք, Տափըկ, Գեղաշեն, Շուշանամերիկ, Սեմալ, Շենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, Հեթինք, Խլհովիտ, Գելիեգուզան, Տալվորիկ, Իշխնձոր, Արտկոնք, Արսըք, Սաղտուն, Հեղին։ Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից։

Հետևանքներ

Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։

Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

1908թ․ Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) տեղի ունեցած հայկական ցույցին։ 

Զմյուռնիան, կամ էլ, ինչպես թուրքերն են անվանել, Իզմիրը, մի քաղաք է, որն իր հիմնադրման օրվանից մինչև այսօր հյուրընկալել է բազմաթիվ հասարակություների: Որպես առևտրական քաղաք` դեռևս ՔԱ 10-րդ դարում Հունաստանից գաղթածները գաղութացրել են այն: Այս քաղաքը, որպես պահեստային կենտրոն, եղել է մի վայր, որտեղ հատկապես 19-րդ դարում բնակվել են տարբեր կրոնների և ազգերի պատկանող բազմաթիվ մարդիկ, ովքեր առևտրով զբաղվելու նպատակներ են ունեցել: Քաղաքը կառավարել են թուրքերը, թուրքերից հետո ամենակարևոր համայնքը եղել են  հույները, հրեաները, լևանտացիները և, ի վերջո, հայերը: Մեր այս աշխատության մեջ անդրադառնալու ենք Իզմիրի հայերին և նրանց մշակույթին: Իզմիրի հայերի հետքերը` քաղաքային մշակույթի մեջ ունեցած նրանց վաստակով, կրոնական միություններով և առողջապահական կառույցներով շարունակվելու էին մինչև 1922 թ. հրդեհը:

Պատմության մեջ հայ համայնքի՝ Իզմիր գալու վերաբերյալ երկու տարբեր տեսակետ կա. համաձայն առաջին տեսակետի` 1375 թ. Կիլիկիայի Ռուբինյաննների դինաստիայի անկման  հետևանքով մոտ 30 հազար հայ, փախչելով մամլուքների նվաճումներից, բնակվում է Կիպրոսում, Հռոդոսում, Հանյայում, իսկ մի մասն էլ` Զմյուռնիայում: Համաձայն երկրորդ տեսակետի` 1605 թ. Շահ Աբասի ճնշմամբ հազարավոր հայեր ստիպված եղան գաղթել Իրան և Անատոլիա: Այս գաղթերը հատկապես իրականացան երեք ուղղությամբ` Նախիջևան, Երևան և Ղարաբաղ: Այստեղից հեռացած մի խումբ հայեր հասան մինչև Արևմուտք` Զմյուռնիա:

Ինչպե՞ս եղավ հայերի գաղթը դեպի Զմյուռնիա քաղաք, որը հեռու էր հայերի երկրից և մշակութային ասպարեզից: Ամենակարևոր պատճառը, որի մասին անհրաժեշտ է մտածել, պետք է, որ վերոհիշյալ առևտրական արտոնությունները լինեն: Դեպի արևմուտք ուղղված ոչ սովորական և բավականին հարմարավետ Զմյուռնիայի նավահանգիստը հատկապես 18-րդ դարում և դարավերջում զգալի զարգացում ապրեց: Այս նավահանգստից ստացած եկամուտներով բազմաթիվ ընտանիքներ անցել են քաղաքային արիստոկրատիայի շարքերը: Հայ առևտրական ընտանքիներին Զմյուռնա տանելու հիմնական պատճառը եղել է տնտեսական այս բոլոր մտահոգությունները: Հայ առևտրականների ձեռքում էր կենտրոնացած Իրանի ավազանից եկող մետաքսի առևտուրը: Մետաքսը Զմյուռնիա էր հասնում ուղտերի քարավաններով և, վերջապես, Զմյուռնիայի նավահանգստից` Միջերկրական ծովի նավահանգիստներ:

Բացի այդ՝ քանի որ Զմյուռնիան առևտրական քաղաք էր, այստեղ բազմաթիվ տարբեր կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունն ավելի մեծ էր, քան մյուս օսմանյան քաղաքներում, հետևաբար տրամաբանակն էր, որ իրենց մշակույթով ազատորեն ապրելու համար նախընտրում էին Զմյուռնիան: Այդ է պատճառը նաև, որ 19-րդ դարի վերջին հայ համայնքի` դեպի Ամերիկա և Եվրոպա ճանապարհորդությունների ժամանակ Զմյուռնիան եղել է կանգառ:

Սուրբ Մեսրոբ արական լիցեյը

Այնպես, ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքներում, այնպես էլ Զմյուռնիայում թաղամասերը կազմվել են համաձայն էթնոկրոնական պատկանելութան: Սկզբում Զմյուռնիայի հայկական թաղամասը եղել է թուրքական թաղամասին մոտ մի վայրում: Առաջին հայկական թաղամասի անունը եղել է Ափոնա: Այստեղ եկեղեցի են կառուցել և ձևավորել գերեզմանոց: 15-րդ դարի վերջին հայկական թաղամասը տեղափոխվել է հունական թաղամասին ավելի մոտիկ մի վայր, քաղաքի կենտրոնին մի քիչ ավելի է մոտեցել: Այս թաղամասը ձևավորվել է «Քարավանային ճանապարհի» երկայքով և կոչվել է Հայնոց:

Արևելքից եկող ցամաքային առևտրի ճանապարհների՝ Զմյուռնիայի դարպաս հանդիսացող Քարավանային ճանապարհը Հայնոցի հետ նույնացնելը պատահականություն չէ. փաստված է, թե նրանք այս առևտում որքան ակտիվ են եղել: 18-րդ դարում քաղաքի մասին իր տպավորությունները գրի առած վենեսուելացի գեներալ Միրանդայի համաձայն` այստեղ գտնվող տները կանոնավոր են և համեմատած հրեաների տների հետ` ավելի մաքուր և խնամված: Երկրաշարժերի, հրդեհների պատճառներով բազմիցս ավերված և վերակառուցված Հայնոցում, որտեղ 1830 թ. համաճարակներ են տարածվել, աճել էր երեխաների մահացությունը.  թաղամասը  լաբիրինթոսների տեսք էր ստացել և բնակության համար դարձել անհարմար: 1845 թ. տեղի ունեցած հրդեհի ժամանակ թաղամասի գրեթե կեսն այրվել է: 900 հայկական տներից փրկվել է միայն 37-ը: Այս հրդեհի ժամանակ այրված կառույցների շարքում էր նաև Զմյուռնիայի հայ համայնքի մայր եկեղեցին` Սուրբ Էթիենը: Այս աղետից հետո հայկական թաղամասը կրկին բարեկարգվում է, 1850 թ. կյանքի կոչված նախագծի համաձայն` թաղամասը ուղիղ անկյամբ փողոցներով, ուղղանկյուն հողակտորների վրա կառուցված շինություններով արևմտյան ոճի բնակավայրի է վերածվում:

Հայնոցը, որտեղ գտնվում էր 15 մշակութային կամ էլ բարեգործական միությունների կենտրոններ, հայերի համար ժամանցային և հանդիպման վայր էր: 1868 թ. Բասմանե պողոտայում բացվել է ընթերցասրահ: Ժամանակի ընթացքում Հայնոցը դարձել է թատրոնի շենքով և տարատեսակ սրճարաններով ժամանակակից վայր:

Սակայն 19-րդ դարում էթնոկրոնական դասակարգման փոխարեն սկսում է գործել տնտեսական շահի մակարդակով հարուստ և ազքատ դասակարգային թաղամասային տարանջատումը, որի արդյունքում բազմաթիվ հարուստ հայ ընտանիքներ տեղափոխվում են  Ռըհթըմ, Քարաթաշ և Քարանթին:

1915 թ. տեղահանությունների չենթարկված Զմյուռնիայի հայերը օկուպացիայից հետո գաղթել են Ֆրանսիա և Ամերիկա: Համաձայն մի խումբ պատմաբանների` հայերը, որոնք համարվում են Զմյուռնիայի հրդեհի պատճառ, ցավալի է, որ այսօր քաղաքի մշակույթային կյանքում չեն կարողանում ցույց տալ իրենց գոյությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *