Բոտուլիզմ

Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաև ապխտած մսից եւ ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։
Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։


Ի՞նչ անել

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելը առաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։
Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։

Ալկոհոլային թունավորում

Սպիրտային խմիչքների ընդունման հետևանքով առաջանում է ֆիզիոլոգիական և հոգեկան գործընթացների փոփոխություններ։ Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում են գրգռվածությամբ, ինքնահսկման կորստով ու տրամադրության անկումով։

Ալկոհոլի ազդեցություն

Ալկոհոլի չափից ավելի և մշտական ընդունումը կարող է նրա հանդեպ հիվանդագին հակման պատճառ դառնալ։

Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում հասնելով առավելագույնի։ Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով, մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է հատուկ ֆերմենտներով։ Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժ անց։ Ալկոհոլի ամենամեծ կոնցենտրացիան սկզբնական շրջանում նկատվում է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում է կենտրոնական նյարդային համակարգ։

Ալկոհոլային հարբեցման առաջին նշանների դրսևորման արագությունը կախված է խմիչքի թնդությունից և ստամոքսում առկա սննդի քանակից։

Առաջին օգնություն

Ալկոհոլային հարբեցման ժամանակ պետք է նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են։ Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։ Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք տալ։

Շնչառության սուր խանգարում

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմինն ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով եւ հեռացնում ածխաթթու գազը։

Շնչառությունը կատարվում է շնչառական, սրտանոթային, նյարդային եւ հենաշարժիչ համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ։ Այս համակարգերից յուրաքանչյուրի գործունեության խաթարումը, որը լինում է որոշ վնասվածքների եւ հիվանդությունների դեպքում, կարող է բերել շնչառության խանգարումների եւ դժվարացնել շնչառությունը։ Իսկ շնչառության խանգարումները շատ հաճախ կյանքին անմիջական վտանգ են սպառնում, քանի որ խախտվում է թթվածնի մատակարարումը հյուսվածքներին, մասնավորապես դա խիստ է անդրադառնում նյարդային համակարգի գործունեության վրա։ Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթեւացնել տուժածի վիճակը եւ կանխել հետագա բարդությունները։

Ինչպե՞ս ճանաչել

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։

Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։
Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։

Ի՞նչ անել

Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։
Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։

Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։

Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։

Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։
Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։

Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

Բրոնխիալ ասթմա

Հիմա եկեք անդրադառնանք շնչառական համակարգի բավական տարածված մի հիվանդության՝ բրոնխիալ ասթմային։
Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում տարբեր պատճառներից պարբերաբար կարող են առաջանալ ծայրամասային շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց եւ առատ լորձարտադրություն, ինչի հետեւանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես` արտաշնչումը։ Այս վիճակն անվանում են բրոնխիալ ասթմայի նոպա։
Ասթմայի նոպայի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են`եղանակի փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, ալերգիկ ռեակցիաները, զգացմունքային սթրեսը, շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունները, օրինակ` գրիպը։

Ինչպե՞ս ճանաչել ասթմայի նոպան

Նոպայի ժամանակ արտաշնչումը դժվարանում է, օդը, կարծես, «մնում է տուժածի թոքերում», առաջանում է շնչահեղձություն։ Տուժածը հարկադրական դիրք է ընդունում՝ մարմնով առաջ թեքված, քանի որ այս դիրքում շնչելը նրա համար ավելի հեշտ է։ Տուժածի շնչառությունը ուղեկցվում է չոր, խեղդող հազով, սուլող խզզոցներով։ Մաշկը պատվում է սառը քրտինքով, գունատվում է եւ ստանում կապտավուն երանգ։ Կրծքավանդակի եւ պարանոցի երակները արտահայտվում են։ Ձայնը դառնում է խռպոտ։

Սովորաբար ասթմայով հիվանդները գտնվում են բժշկի հսկողության տակ ու գիտեն, թե ինչպես գործել մինչեւ նոպայի սկսվելը եւ նոպայի դեպքում։
Հաճախ ասթմայով տառապողները դեղերի միջոցով կարողանում են կանխել նոպան կամ թեթեւացնել նրա ընթացքը։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։

Ի՞նչ անել

Ասթմայի նոպայի մեջ գտնվող տուժածին հայտնաբերելիս պարզեք՝ նա ունի՞ արդյոք բժշկի կողմից նշանակված դեղեր եւ եթե այո, ապա օգնեք նրան ընդունել այդ դեղերը։

Օգնեք տուժածին ընդունել շնչառությունը հեշտացնող դիրք։ Հիմնականում շնչառության դժվարություններ ունեցող տուժածներն իրենք փորձում են ընդունել ամենահարմար դիրքը։ Կարելի է տուժածին նստեցնել` իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին կամ ծնկներին հենված։
Հանգստացրեք տուժածին։ Վախը, լարվածությունը մեծացնում են թթվածնի պահանջը։ Մնացեք տուժածի մոտ եւ քաջալերեք նրան։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել, չխոսել, ինչը կնվազեցնի մարմնում թթվածնի պահանջը։

Սովորաբար դեղերի ընդունումից եւ առաջին օգնության մյուս նշված քայլերից հետո նոպան ավարտվում է։ Հազը դառնում է թաց, ուղեկցվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով։ Տուժածի շնչառությունն ու ընդհանուր վիճակը բարելավվում են։ Հակառակ դեպքում, երբ ձեռնարկած քայլերը չեն հանգեցնում տուժածի վիճակի բարելավմանը կամ եթե դա տուժածի մոտ ասթմայի նոպայի առաջին դեպքն է, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Հեւոց

Հեւոցը բավական հաճախ հանդիպող շնչառական խանգարում է, որը հաճախ կարող է առաջանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Անգամ 3-4 հարկ արագ բարձրանալիս մարդը կարող է հեւալ։ Ինքնին հեւոցը վտանգավոր չէ եւ երբեմն կարող է անցնել նաեւ առանց առանձնահատուկ օգնության, բայց այն կարող է լինել նաեւ վնասվածքի կամ հիվանդության արդյունք։

Հեւոցի ժամանակ շնչառությունը արագացած է, մակերեսային, մարդն օդի պակաս է զգում, շնչահեղձ լինում, հնարավոր է՝ ունենա գլխապտույտ։ Կարող են լինել վերջույթների մատների թմրածություն կամ ծակծկոցներ։

Ի՞նչ անել

Ինքներդ մնացեք հանգիստ ու փորձեք հանգստացնել տուժածին։ Խորհուրդ տվեք նրան քիչ շարժվել։

Բարձրաձայն հաշվեք տուժածի յուրաքանչյուր շնչառական շարժումը եւ աստիճանաբար դանդաղեցրեք հաշիվը։ Տուժածը կփորձի ձեզ հետ կենտրոնանալ եւ աշխատել դանդաղեցնել շնչառությունը, նրա վիճակն արագ կբարելավվի։

Եթե հեւոցի պատճառը հուզմունքն է, խորհուրդ տվեք տուժածին շնչել ձեռքերի ափերի մեջ կամ եթե ձեռքի տակ կա թղթյա տոպրակ՝ տոպրակի մեջ։ Մինչեւ տոպրակը տալը բացատրեք տուժածին՝ ինչ եք պատրաստվում անել, եթե տուժածը վախենում կամ ընկճվում է տոպրակից, մի պահ հեռացրեք այն դեմքից, ապա նորից փորձեք առաջարկել շնչել տոպրակի մեջ։

Եթե հեւոցի պատճառը վնասվածք կամ հիվանդություն է, կամ այն չի անցնում ձեռնարկած միջոցներից, ահազանգեք շտապ օգնություն։

Սիրտ թոքային վերակենդանացում

Այս դասի ընթացքում մենք սովորեցինք ինչպես օգնել տուժածին և անհրաժեշտության դեպքում իրականացնել վերակենդանացում։ Գրեթե բոլորս փորձեցինք, մի քանիսը կարողացան մյուսները՝ մասամբ։

Պետք է հնարավորինս լավ տեղեկանալ և ինֆորմացված լինել, որովհետև սխալ քայլերով կարող ենք ոչ միայն վտանգել մեր կյանքը այլև չկարողանալ օգնել կամ վնասել դիմացինին։

 

Արտակարգ իրավիճակ, դեպքի վայր, ահազանգում. Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:
Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում։ ․․․