Կենսաբանությունը որպես գիտություն, կենդանի համակարգեր

Կենսաբանություն (հուն․՝ βιολογία; հին հուն․՝ βίος՝ կյանք և λόγος (լոգոս)՝ գիտություն[1]), բիոլոգիա, բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան[2]։

Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում` արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները: Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ:

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափա:

Անկենդան տարրերը և կենդանի օրգանիզմները միմյանց հետ փոխկապակցված են և երկրագնդի մակերևույթին կազմում են կենդանի թաղանթ, որը կոչվում է կենսոլորտ: Կենդանի օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է արեգակնային էներգիա, թթվածին, ջուր, ածխաթթու գազ, հանքային տարրեր և այլն: Այդ պայմաններն առկա են երկրագնդի երեք կառուցվածքային շերտերում. մթնոլորտում, քարոլորտում և ջրոլորտում և հատկապես դրանց շփման սահմանագծում: